գլխավոր Գլխավոր Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն. Նիկոլ Փաշինյան

Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն. Նիկոլ Փաշինյան

Կետեր Նիկոլ Փաշինյանի ուղերձից.

  • Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել իր հանրությանը, որ նրանք ամեն րոպե սպասում են վերջնական հաղթանակի լուրին, բայց Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու։
  • Արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։ Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։ Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։
  • Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ։ Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան։
  • Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլուզիաները։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման՝ իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի՛ ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները։
  • Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու։ Հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին։
  • Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն։ Ռազմական դրության, մարտական պայմաններում պիտի գործի հրամաններն անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը։ Հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ հանրային արգահատանքի։
  • Խնդիրն, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան կոնկրետ գործի վերածելն է․ բոլորս՝ հանուն Արցախի, ամեն ինչ՝ հանուն Արցախի․ այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին, այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
  • Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար։
  • Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Եվ առավել եւս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։
  • Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ եւ անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք։ Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ըդնունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը, ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։ Սա հնարավոր է դարձել մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ դրանք վայելելու հայ ժողովորդի իրավունքը։
  • Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից, թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի՝ կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ։ Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից, այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս եւ տեսել ենք քմծիծաղը ստի, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի։ Եւ ուրեմն՝ դու հաղթող ես, հա՛յ ժողովուրդ, գնա՛ եւ վերցրո՛ւ քո հաղթանակը, կանգնի՛ր եւ կերտի՛ր քո հաղթանակը եւ վստա՛հ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե եւ վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը ցույց տալու իր գործից ու պարտականությունից։
  • Երեկվա ելույթս ուներ 2 նպատակ՝ միջազգային հանրությանը ցույց տալ մեր կառուցողականությունը և հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար պայքարում, 2 խնդիրն էլ լուծված է լիովին: