գլխավոր Առողջապահություն Եթե պոլիկլինիկաների բուժաշխատողները իրենց պարտականությունները պատշաճ կատարեն, կստանան բոնուսներ, ըստ այդմ՝ աշխատավարձերը...

Եթե պոլիկլինիկաների բուժաշխատողները իրենց պարտականությունները պատշաճ կատարեն, կստանան բոնուսներ, ըստ այդմ՝ աշխատավարձերը կբարձրացվեն. ԱՆ տեղակալ

Առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը 2023 թվականին կբարձրանա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրել է, որ սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու:

«Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար և այն բարձրացնելու ենք ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա բոնուսներ, ըստ այդմ էլ, կբարձրացվի աշխատավարձը»,-ասել է Արտակ Ջումայանը:

Արդեն իսկ այդ բոնուսային համակարգը կա, սակայն նախարարի տեղակալը նշել է, որ գնահատվող ցուցանիշներն են թերի, ինչպես նաև ֆինանսավորումն է փոքր: Ներկայում աշխատանք է տարվում այդ ցուցանիշների առավել հստակեցման ուղղությամբ, որ շոշափելի լինի բուժառուի հետ աշխատանքը, հեշտ լինի նախարարության կողմից իրականացվող վերահսկողությունը:

«Այս պահին ունենք 32 տեսակի գնահատման ցուցանիշ, դրանք վերանայում ենք: Աշխատել բուժառուի հետ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել այս կամ այն նեղ մասնագետի մոտ, հետևել ընթացքին, ներգրավել սքրինինգային ծրագրերում և այսպես շարունակ: Ամբողջ շղթան պետք է վերահսկվի ու մեզ համար տեսանելի լինի: Ճիշտ ու պատշաճ աշխատանքի արդյունքում կփոխանցվեն համապատասխան բոնուսներ, որոնց հիման վրա էլ կբարձրացվի աշխատավարձը»,-ասել է Արտակ Ջումայանը: