
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող իրավիճակը և կոչ արել պահպանել հրադադարի պայմանավորվածությունը, РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրուց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղար Պոմպեոն հորդորել է պահպանել բռնությունները դադարեցնելու իրենց պարտավորությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծում, ինչպես նաև նշել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», – ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Պոմպեոն նշել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են Մոսկվայում հոկտեմբերի 10-ին: