գլխավոր Քաղաքականություն Մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական ուժերը համալրվել են մի քանի պետություններից ձեռք բերված...

Մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական ուժերը համալրվել են մի քանի պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում և Տավուշի մարզի քննչական վարչությունում հարուցված ընդհանուր 38 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռքբերված փաստական տվյալների համաձայն՝ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային պայմանագրերով արգելված միջոցներ կիրառելու, հանցավոր հրաման արձակելու և առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նրա հավաստմամբ՝ հուլիսի 29-ից Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ իրականացվել են զորավարժություններ և փաստական տվյալների համաձայն՝ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զինված ուժերի  մեծաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում մարտական պատրաստության աշխատանքները։

«Փաստական տվյալներ կան, որ մինչև ռազմական գործողություններ սկսելը՝ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներին հրաման է տրվել պատրաստվել պատերազմի Արցախի դեմ և սեպտեմբերի կեսին իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի խաղաղ, խիտ բնակեցված բնակավայրերում՝ անմիջապես քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղակայվել են հրթիռահրետանային կայաններ: Եվ մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական ուժերը համալրվել են Թուրքիայից, Չեխիայից, Բելառուսից և այլ պետություններից ձեռք բերված  ռազմական տեխնիկայով:

«Սեպտեմբերի 28-ից Ադրեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կիրառելով ականանետային, հրթիռա-հրետանային ԱԹՍ-ներ, ոտնձգել են նաև ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ»:

Վարդանյանը ներկայացրեց վարույթ իրականացնող մարմնի կողմից ստացված բազմաթիվ տվյալներից մեկը՝ Ադրբեջանի զինծառայողի ենթասպայի հարցաքննությունից մի հատված, ընգծելով, որ Հայաստանում ռազմագերիները պահվում են մարդասիրական նորմերի պահպանմամբ:

Տեսանյութում Ադրեջանի զինծառայողը նշում է, որ 2020 թվականին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք, և Թուրիքայից ժամանել են զինվորականներ, սակայն նրանց անունները իրենք չեն իմացել և ԱԹՍ-ները կառավարվել են թիկունքից, եղել են թուրքական կամ իսրայելական արտադրության:

Ռաֆայել Վարդանանը նշեց, որ զորավարժութուններ անելուց հետո, զինծառայողները սեպտեմբերի 26-ից 2 ինքնաթիռներով Թուրքիա-Ադրբեջան օդուղով, հաջորդ օրը՝ Թուրքիայից Վրաստան-Ադրբեջան օդուղով Ադրբեջան է տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայող, այլ տվյալներ են ձեռք բերվել նաև իսլմիստ գրոհայինների առկայության և ռազմական գործողություններում ներգրավվելու վերաբերյալ: Նրա նշեց լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, որոնք ընդգրկված են եղել դիվերսիոն ներթափանցման իրականացմանը և վերջիններիս տեղաշարժը իրականացվել է թուրքական արտադրության զրահամեքենաներով:

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանում հաստատված են եղել արաբալեզու ավելի քան 300 գրոհայինների առկայությունը, որոնք գործել են անկախ և առանձին խմբերով: Սպասվել է ևս 800 գրոհայինների տեղափոխում Սիրիայից Ադրբեջան:

Ռաֆայել Վարդանյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազործած պատերազմին վերաբերող բոլոր փաստական տվյալները, դեպքերի լուսանկարները և այլ փաստերը պարբերաբար ներկայացվում են ՄԻԵԴ-ին:

Նա նշեց, որ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը: Պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի բոլոր միջազգային ատյաններում լինի համարժեք քրեական պատասխանատվություն և պատիժ: Սակայն այս պահին դեռևս այլ երկրների հետ համագործակցություն չկա: