գլխավոր Գլխավոր Թշնամին հասանելիություն է ստացել տանը և խանութներում տեղադրված տեսախցիկներին․ ԱՏՊԳ

Թշնամին հասանելիություն է ստացել տանը և խանութներում տեղադրված տեսախցիկներին․ ԱՏՊԳ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ թշնամին տեսանյութեր է տարածում, որոնք արված են տանը կամ խանութներում տեղադրված տեսախցիկներից։ Պատճառն այն է, որ այդ տեսախցիկները կպած են համացանցին և բավարար չափով պաշտպանված չեն։ Գործակալությունը մի քանի պարզ խորհուրդներ է տալիս, թե ինչպես բարձրացնել դրանց պաշտպանվախությունը․

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։

Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։

Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնել (օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ): Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։

Տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել մեզ եւ իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։