գլխավոր Իրավունք Վանաձոր քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է...

Վանաձոր քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է համաքաղաքացին. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիշյալ 32-ամյա տղամարդու  և 31-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է 32-ամյա տղամարդու կրծքավանդակին և սպանել նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: