գլխավոր Իրավունք Ինձ լռեցնելու փորձ է, կաշառքի հետ կապված մեղադրանքը չեմ ընդունում, մերկապարանոց հայտարարություն...

Ինձ լռեցնելու փորձ է, կաշառքի հետ կապված մեղադրանքը չեմ ընդունում, մերկապարանոց հայտարարություն է․ Էրիկ Ալեքսանյան

Լուրեր են պտտվում, թե իբր ինձ առաջադրվել է մեղադրանք ինչ-որ կաշառքի հետ կապված, ուղիղ ասեմ՝ դա չի համապատասխանում իրականությանը, որևէ կաշառքի մեղադրանքի հետ կապված խոսք չկա, չի էլ կարող լինել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես չեմ կարող ներգրավված լինել որևէ կոռուպցիոն հանցանքի մեջ։ Մեղադրանքը լրիվ այլ հանգամանքների մասին է։ Մեղադրանքը վերաբերում է նրան, թե իբրև ես օժանդակել եմ պաշտոնատար անձին՝ տվյալ դեպքում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որպեսզի վերջինս չարաշահի իր լիազորությունները։ Խորապես չանդրադառնալով մեղադրանքի փաստական հանգամանքներին՝ օժանդակությունը համարում են իմ մասնագիտական գործունեության ծավալելը, որոշակի դատավարական գործողոթյուններ ներկայացելը։ Միանշանակ մեղադրանքը չեմ ընդունում, այն հորինված է, մերկապարանոց հայտարարություն է: Սա ոչ այլ ինչ է, քան միջամտություն իմ մասնագիտական գործունեությանը, սա ինձ լռեցնելու փորձ է»,- ասել է փաստաբանը։

Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ քննության ընթացքում կապացուցի, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

«Այն մեղադրանքը, որ առաջադրվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ծայրից ծայր ապօրինի է։ Նշվում, է որ նա լիազորություններ է չարաշահել, բայց թե ո՞ր լիազորություններն է չարաշահել, քննիչը  փաստական տվյալ և պարզաբանում չի ներկայացրել։ Սա նույն պատմությունն է, ինչ եղել էր դատավոր Բախշիյանի պարագայում»,- ասել է նա։