գլխավոր Գլխավոր ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամու մեղադրանքները...

ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամու մեղադրանքները իրականության հետ որևէ առնչություն չունեն․ Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու մասին։ Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»: