գլխավոր Սպորտ Փյունիկը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Կոնֆերենցիաների լիգայում

Փյունիկը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում այսօր Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել էր Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ 

Հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հանդիպման մեկնարկային տասը րոպեներն անցել են հիմնականում հավասար պայքարում, որից հետո աստիճանաբար ավելի ակտիվ են սկսել գործել մեր ֆուտբոլիստները։ Ակտիվ էր հատկապես հարձակման ձախ եզրը։ 22-րդ րոպեին Յուրիչիչը կենտրոնից դիպուկ հարված է կատարել, սակայն այն թույլ էր և մրցակցի դարպասապահը որսացել է այն։ Րոպե անց հաջողությանը մոտ էր արդեն Օտուբանջոն, սակայն դարպասապահը նորից փրկել է իր թիմին գոլից։ Հանդիպման 31-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները ստացել են տուգանային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո Յուրիչիչը մի փոքր բարձր է հարվածել նպաստավոր դիրքից։ Քիչ անց հյուրերը գոլ են խփել, սակայն մրցավարն արձանագրել է կանոնների խախտում լիտվական թիմի ֆուտբոլիստի կողմից։

Հանդիպման մնացած րոպեները ևս անցել են Եղիշե Մելիքյանի թիմի առավելությամբ, իսկ 43-րդ րոպեին դա վերածվել է արդեն գոլի․ աչքի է ընկել Ժունինիոն։ Առաջին խաղակեսն ավարտվել է մեր թիմի առավելությամբ՝ 1-0։