գլխավոր Իրադարձային Թուրքիան իր հայտարարություններով խախտում է միջազգային իրավունքի հիմնական դրույթները. Հունաստանի ԱԳՆ

Թուրքիան իր հայտարարություններով խախտում է միջազգային իրավունքի հիմնական դրույթները. Հունաստանի ԱԳՆ

Թուրքիայի նոր հայտարարությունը սեյսմիկ հետազոտությունների մասին, որոնք իրականացնում է Oruc Reis նավը ռազմական նավերի խմբի ուղեկցությամբ հունական Հռոդոս կղզուց հարավ ընկած հատվածում, խախտում է միջազգային իրավունքը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի ԱԳՆ-ն:

Թուրքիան կիրակի գիշեր հրապարակել էր հերթական միջազգային ծանուցումը, որում ասվում է, որ Oruc Reis-ը մինչև նոյեմբերի 4-ը սեյսմիկ հետախուզական աշխատանքներ կիրականացնի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ Հռոդոս կղզուց հարավ և Կարպատոս կղզուց հարավ-արևելք ընկած հատվածում: 

Հունաստանի ԱԳՆ-ից ընդգծել են, որ «թուրքական կողմից նոր ծանուցում տալը հերթական անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան սադրիչ գործողությունների շարունակական սրմամբ և իրավախախտումներով արհամարհում է միջազգային իրավունքի հիմնական դրույթները»:

«Թուրքիան իրեն դրսևորում է ինչպես վտարանդի պետություն, որը ցանկանում է ապակայունացնել տարածաշրջանը և կտրուկ բարձրացնել լարվածությունը: Այդ անօրինական գործողությունները խոչընդոտում են ապաէսկալացիայի ցանկացած փորձին»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ: