գլխավոր Քաղաքականություն Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան....

Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն Վարդանյան

Հասարակական քաղաքական գործիչ, FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը երկրի համար դժվարին իրավիճակում անընդունելի է համարում մարդկանց կողմից անտարբերությունը, կարևորում հզոր համայնքներ ստեղծելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ է հայտնել Երևանում հոկտեմբերի 5-6-ն անցկացված Գլոբալ նորարարական ֆորումին իր ելույթում:

«Տեխնոլոգիայի և նորարարության ոլորտն արդեն բոլորիս համար ստեղծում է հնարավորություններ և քանդում բոլոր սահմանները»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է՝ ներկայիս իրավիճակի մասին ոչ ոք չէր կարող երևակայել: «Չգիտենք, թե ինչ կարող է լինել վաղը կամ 100 տարի հետո մեզ հետ: Հայաստանում մենք պետք է մտածենք ոչ միայն այն մասին, թե ինչպես պետք է արձագանքենք համաշխարհային ճգնաժամին, մենք ունենք նաև առանձին հատուկ պատասխանատվություն այն մարդկանց առջև, որոնք իրենց կյանքերը տվեցին վերջին պատերազմում: Մենք՝ ապրողներս պատասխանատու ենք ոչ միայն նրանց միշտ հիշելու և հարգելու համար, այլ նաև՝ կյանքն ավելի լավը դարձնելու համար»,-ընդգծել է նա:

Վարդանյանը հիշեցրել է Սարդարապատի հերոսամարտի մասին: «Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք այդ ճգնաժամին»,-նշել է նա:

Վարդանյանը կարևորել է հզոր համայնքներ ստեղծելը՝ հավելելով, որ դրանք այն մարդիկ են, ում կարելի է վստահել, ձեռք սեղմելով լուծումներ տալ:

Նա նկատել է, որ մարտահրավերների առկայության պայմաններում երկրում կտրուկ մեծանալու է առաջնորդների պահանջը, առաջնորդների, որոնք կարող են իրենց հետևից տանել մարդկանց, և ում հետևից մարդիկ կգնան: Ստեղծված իրավիճակում նաև կարևորել է նաև մարդ մնալը: «Մի դարձեք մարդ, ով պարզապես փորձում է վերցնել սպանվածի ունեցվածը և փախչել պատերազմից, փախչել ճգնաժամից: Մի եղեք անտարբեր»,-շեշտել է Վարդանյանը:

Ըստ նրա՝ սիրո հակառակը ատելությունը չէ, անտարբերությունն է, գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, անտարբերությունն է, հավատքի հակառակը անհավատությունը չէ, անտարբերությունն է, կյանքի հակառակը մահը չէ, անտարբերությունն է: Այսպիսով, Վարդանյանը մարդկանց կոչ է արել անտարբեր չլինել:

Վերջում նա մեջբերել է մի մարդու խոսքեր, ով մի անգամ փախել էր Բաքվից, երկրորդ անգամ կորցրել էր տունը, բիզնեսները Հադրութում, հիմա նորից վերակառուցում է իր կյանքը մեկ այլ վայրում Արցախում. «Պատիվ է մեռնել սեփական հողի համար,բայց ավելի մեծ պատիվ է ապրել այս հողի վրա»:

Ապա նա եզրափակել է. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ պատիվ է լինելու ապրել մեր հողի վրա»: