գլխավոր Իրադարձային Մոսկվային և Բաքվին հաջողվում է համագործակցել պատժամիջոցների պայմաններում. Միշուստին

Մոսկվային և Բաքվին հաջողվում է համագործակցել պատժամիջոցների պայմաններում. Միշուստին

Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին` Մոսկվային և Բաքվին հաջողվում է համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ օպերատիվ որոշումներ կայացնել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում ադրբեջանցի գործընկերոջ` Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական պետությունների ապօրինի տնտեսական պատժամիջոցների պայմաններում կառավարական գծով ընդունվում են օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա զարգացմանը: Այդ միջոցառումներն արդեն արդյունք են տալիս նախևառաջ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում», – ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ մոտ 1,5 միլիարդ դոլարի։ 2022 թվականի հունվար-օգոստոսին երկու երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է 11,5%-ով և գերազանցել 2,2 մլրդ դոլարը։

«Իհարկե, անհրաժեշտ է բարձրացնել այդ ցուցանիշները նոր խոստումնալից նախագծերի մեկնարկով, էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում արդյունաբերական և արտադրական շղթաներ ստեղծելով»,- ընդգծել է Միշուստինը։

Հոկտեմբերի 5-6-ը Մոսկվայում կազմակերպվել է Կասպյան տնտեսական համաժողովը։ Արդյունքում պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են համատեղ փաստաթուղթ։ Երրորդ համաժողովը կանցկացվի 2023 թվականին Իրանում։