գլխավոր Միջազգային OPEC-ը որոշել է էականորեն կրճատել նավթի արդյունահանումը. Սպիտակ տունը լուրն «աղետ» է...

OPEC-ը որոշել է էականորեն կրճատել նավթի արդյունահանումը. Սպիտակ տունը լուրն «աղետ» է որակել

Նավթ արտահանող երկրների կազմակերպության նախարարների կոմիտեն չորեքշաբթի խորհուրդ է տվել կարտելի երկրներին կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով, ինչը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային շուկայում գնաճի։

Արդյունահանման ծավալների հիմնական կրճատում է ակնկալվում Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից։

Որոշումը հարուցել է ԱՄՆ-ի կոշտ արձագանքը։ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է նվազեցնի իր կախվածությունը կազմակերպությունից: CNN-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Սպիտակ տունը OPEC-ի որոշումը «աղետ» է որակել և ոչ բարեկամական քայլ։

«Ռոյթերզի» փոխանցմամբ՝ ամերիկյան կառավարությունը ավելի վաղ կազմակերպությունից խնդրել է չկրճատել նավթի արդյունահանման ծավալները, պնդելով, որ նման քայլը կհակասի համաշխարհային տնտեսության ներկա պահանջներին։