գլխավոր Իրադարձային Պատրաստ ենք ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ. Արցախի ԱԳ նախարար

Պատրաստ ենք ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ. Արցախի ԱԳ նախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձևաչափ կա, որն  ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝  1994 թվականին։

«Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձևաչափը, որով Արցախը ճանաչված է որպես և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ ։ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե, պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ներգրավմամբ: Ուղիղ բանակցությունները կարող ենք ընկալել տարբեր ձևերով, բայց եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը և Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետև հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` բնական է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ խուսափի, չհանդիպի Արցախի ներկայացուցիչների հետ, չքննարկի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հետևաբար պետք է ձգտել լիարժեք ձևաչափի վերականգնմանը։ «Կան շփումներ, որ  անհրաժեշտ են: Օրինակ, եթե նրանց կողմը հովիվ է անցել, ապա նրան վերադարձնելու,  մեր զոհվածների մասունքների որոնման համար պետք են, չէ,՞ ինչ-որ շփումներ, բնական է, ռուս խաղաղապահների հետ միասին։ Այսինքն՝ ուզած- չուզած պետք են շփումներ, ինչը, սակայն, կոչել  բանակցություններ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, բնականաբար, ճիշտ չէ»,- մանրամասնեց Բաբայանը։

Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև հարցին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա Ադրբեջանի վերջին հարձակման համատեքստում ինչ առաջնահերթ անելիքներ կան և որոնք են օրակարգային հարցերը դիվանագիտական ճակատում՝ հաշվի առնելով անվտանգային մարտահրավերները:

Նրա գնահատմամբ՝ պետք է շատ ճիշտ և իմաստուն արտաքին քաղաքականություն վարել ՝ հասկանալով, որ Արցախի անվտանգությունը, Արցախի ժողովրդի հուսալի ու արժանապատիվ ապագան անհնարին է ապահովել առանց դրա։

«Անհրաժեշտ է զերծ մնալ արկածախնդրությունից:Մենք ունենք բնական դաշնակիցներ, եղբայրական երկրներ։ Ընդհանրապես, հայ ժողովուրդը, ինչպես հրեաները, այն եզակիներից է, որ  ի վիճակի է շատ ու շատ երկրիների հետ նորմալ հարաբերություններ ունենալ. նույնիսկ այն երկրների, որոնք մեկը մյուսի հետ վատ հարաբերություններ ունեն:Մենք ունենք Սփյուռք և պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ  բոլոր երկրների հետ, որտեղ կա  հայկական համայնք: Սա մեր շահերից է բխում, ինչը  չի նշանակում, որ մեկը մյուսի հաշվին պիտի իրականացվի:Ես դա անթույլատրելի եմ համարում: Այն պարագայում, որ Ռուսաստանում 3 մլն հայ է ապրում, ինչո՞ւ պետք  է հակառուսական լինենք, հատկապես, երբ դրանից է կախված ապագան: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը։ Սա  չի նշանակում, որ պետք է Արևմուտքի հետ թշնամի դառնանք, բնավ, որովհետև 2 մլն հայ կա ԱՄՆ-ում։  Արևմտամետ լինելու միակ չափանիշը պետք է լինի ռուսատյացությու՞նը. սա նորմալ երևույթ  չէ։ Մենք պարտավոր ենք մեր բնական դաշնակցի  հետ ունենալ  լավ հարաբերություններ, որոնք ձևավորվել են օբյեկտիվորեն, երկար ժամանակի ընթացքում։ Ընդհանրապես, ցանկացած քաղաքակրթություն պետք է ուսումնասիրել  և  հարգել, պետք է մտածել, թե ինչ կարելի է այնտեղից ընդօրինակել, որը կարող է մեզ օգտակար լինել:   Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։