գլխավոր Հասարակություն Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. որոշ մասնագետներ տարկետման իրավունք կստանան

Բանակ կգնան մինչև 28 տարեկանները. որոշ մասնագետներ տարկետման իրավունք կստանան

ՀՀ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Դրանով կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց կառավարությունը` ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։

Ընդ որում, տարկետման իրավունք կստանան ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի դիմորդները։

Մեկ այլ փոփոխությամբ, օրենքով զորակոչային տարիքն ավելացվում է 1 տարով` գործող 18-27 տարեկանի փոխարեն սահմանելով 18-28 տարեկանը։

Ինչպես նախօրեին ԱԺ–ի նիստին նախագծի քննարկման ժամանակ ասել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նման փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հաճախ ուսման մեջ հաջողությունների հիմքով տարկետում ստացած սովորողները, ասպիրանտուրան չավարտած՝ մինչև 27 տարեկանը լրանալը, զորակոչվում են բանակ։

«Հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին որոշվել է այն ժամանակ, երբ հանրակրթությունը դեռ 10 տարի տևողություն ուներ։ Սա բերում է արհեստական լուծումների. ասպիրանտուրայի երկրորդ տարում փորձում էին ամեն կերպ ավարտել, պաշտպանել դիսերտացիան, որպեսզի համարվի, որ այդ ցիկլը փակվել է»,– ասել է Դումանյանը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը ՀՀ կառավարությունն ընդունել էր ս.թ. հուլիսին ու այն ուղարկել ԱԺ–ի քննարկմանը։ Օրինագծերի փաթեթը խորհրդարանը նախորդ շաբաթ ընդունել էր առաջին ընթերցմամբ։