գլխավոր Աշխարհ Մասնակցում ենք, բայց ոչ մեկի չենք սպանում. Լուկաշենկոն՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը...

Մասնակցում ենք, բայց ոչ մեկի չենք սպանում. Լուկաշենկոն՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը Բելառուսի մասնակցության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությանն Ուկրաինայում, բայց չի ուղարկում իր զինուժը. երկրի խնդիրն այն է, որ թույլ չտա հարված Բելառուսի տարածքին։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մեր մասնակցությանը, մենք այնտեղ մասնակցում ենք։ Մենք դա չենք թաքցնում։ Բայց մենք ոչ ոքի չենք սպանում։ Մենք մեր զինվորականներին ոչ մի տեղ չենք ուղարկում։ Մենք չենք խախտում մեր պարտավորությունները»,–ասել է նա։

Պետության ղեկավարը երեքշաբթի այս մասին հայտարարել է ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ, նրան մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի խնդիրն է «առաջին հերթին կանխել այդ հակամարտության տարածումը Բելառուսի տարածք»։

«Երկրորդ՝ կանխել Բելառուսի դեմ հարվածները Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հատուկ ռազմական գործողության քողի ներքո: Ինչպես ասել եմ, Բելառուսի տարածքից ոչ ոք մեջքից չի կրակի ռուսների վրա: Սա է մեր մասնակցությունը», – ասել է Բելառուսի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ բելառուսները բուժում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

«Այո, մենք բուժում ենք: Անհրաժեշտության դեպքում մարդկանց ենք բուժել: Այո, մենք կերակրում ենք մարդկանց: Եվ ոչ միայն ռուսներին: Մենք կերակրում ենք ամենից շատ այն փախստականներին, անօթևաններին, աղքատներին, որոնք մեզ մոտ գալիս են Ուկրաինայից՝ օրական 400-500 հոգու: Դե ինչպե՞ս նրանց չկերակրել, ինչպե՞ս չբուժել, սա է մեր մասնակցությունն այս ռազմական գործողությանը, այլ բան չկա և չի լինելու»,- ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան մինչև 15 000 զինծառայող է ձգել դեպի Բելառուսի սահման, իրականացնում է այնտեղ անցակետերի և կրակակետերի ինժեներական կահավորում, արգելապատնեշներ է տեղադրում ճանապարհային ուղղություններով:

Լուկաշենկոն նշել է նաև, որ Բելառուսում մոբիլիզացիա հայտարարելու կարիք չկա:

«Եթե Ռուսաստանը մոբիլիզացիա է հայտարարել, չի նշանակում, որ Բելառուսը վաղը մոբիլիզացիա կհայտարարի։ Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ մենք մոբիլիզացիա հայտարարելու կարիք չունենք։ Բարեբախտաբար, Բելառուսի տարածքում պատերազմ չկա»,- ասել է նա: