գլխավոր Աշխարհ Զելենսկին հաստատել է, որ Պուտինի հետ բանակցելն անհնարին է

Զելենսկին հաստատել է, որ Պուտինի հետ բանակցելն անհնարին է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։ Համապատասխան հրամանագիրը երեքշաբթի հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արձանագրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինությունը»,- ասված է փաստաթղթում։

Զելենսկին երեքշաբթի նաև ուժի մեջ է դրել ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամակցության վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված դիմումի տեքստը, որը հաստատվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից։

«Հաստատել Ուկրաինայի նախագահի, Գերագույն Ռադայի նախագահի և վարչապետի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված ընդհանուր կոչի տեքստը»,- ասվում է հրամանագրում, որը ևս հրապարակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում։

Զելենսկին սեպտեմբերի 30-ին ստորագրել է արագացված հիմունքներով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու դիմումը Ուկրաինայի նախագահը կառավարությանը հանձնարարել է ապահովել Ուկրաինայի պաշտպանունակության հզորացումը՝ ավելացնելով ռազմատեխնիկական օգնության մատակարարումը։ Նա նաև խորհուրդ է տվել Գերագույն Ռադային արագացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ համապատասխան օրինագծերի ընդունումը։ Անվտանգության խորհրդի նիստը կայացել է սեպտեմբերի 30-ին։