գլխավոր Քաղաքականություն Եթե առաջնագծում գտնվող զինծառայողների հետ որևէ դժբախտ պատահար տեղի ունենա, ապա նրանց...

Եթե առաջնագծում գտնվող զինծառայողների հետ որևէ դժբախտ պատահար տեղի ունենա, ապա նրանց ընտանիքներին 20 տարիների ընթացքում փոխահատուցում կտրամադրի

«Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են»,-այս մասին հարցազրույցի ընթացքում ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Եթե առաջնագծում գտնվող զինծառայողների հետ որևէ դժբախտ պատահար տեղի ունենա` զոհվեն կամ հաշմանդամություն ձեռք բերեն, ապա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նրանց ընտանիքներին 20 տարիների ընթացքում փոխահատուցում կտրամադրի։

«Փոխհատուցում կատարվում է 58-82 մլն դրամ` կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից։ Սկզբում միանվագ գումար է փոխանցվում, որպեսզի առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվեն, իսկ հետո յուրաքանչյուր ամիս 100-300 000 դրամ են ստանում` 20 տարի»,–ասում է Ավետիքյանը։

Հարցին, թե ֆոնդը բավարարելո՞ւ է բոլորին փոխհատուցելու համար` Ավետիքյանը պատասխանեց, որ ամեն ինչ անելու են, որ որևէ ընտանիք դուրս չմնա այս համակարգից։

Նա կոչ արեց նվիրաբերություն անել` հավելելով, որ այս պահին աշխարհի 55 երկրներից հիմնադրամը նվիրաբերություն է ստանում։ Ավետիքյանը նշեց` չափազանց կարևոր է, որ սահմանը պահողների միտքը հանգիստ լինի, որ եթե իրենց հետ ինչ–որ դժբախտ դեպք լինի, ընտանիքներն ապահով ձեռքերում կլինեն։

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։

ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջացության հիմնադրամին։