գլխավոր Իրադարձային Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Կոպիրկին

Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Կոպիրկին

 Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։

«Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։ Նա ընդգծել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Վարդապետյանը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈւ–ի պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին։ Դատախազը շեշտել է այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։