գլխավոր Իրադարձային Ընդդիմությունն Արթուր Վանեցյանի փոխարեն նոր թեկնածուներ է առաջադրել. որոշումը չի ընդունվել

Ընդդիմությունն Արթուր Վանեցյանի փոխարեն նոր թեկնածուներ է առաջադրել. որոշումը չի ընդունվել

 ԱԺ խորհրդի երեկ երեկոյան կայացած հերթական նիստում ի թիվս այլ հարցերի ներառված է եղել նաև միջպետական տարբեր պատվիրակությունների կազմերում ու խորհրդարանական բարեկամական խմբերում «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին խմբակցության գործող անդամներով փոխարինելու հարցերը։

Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Վանեցյանին փոխարինելու հարցերն ԱԺ խորհրդի նիստում այդպես էլ չեն քննարկվել, քանի որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել իր առաջարկած նախագծերի քննարկմանը։

«Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել»,– ասված է ԱԺ–ի հաղորդագրության մեջ։

ԱԺ խորհրդի օրակարգում ընդգրկված, բայց այդպես էլ չքննարկված նախագծերից տեղեկանում ենք, որ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի ու Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովում «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արթուր Վանեցյանին փոխարինել Հայկ Մամիջանյանով։

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում նույնպես «Պատիվ ունեմը» Արթուր Վանեցյանի փոխարեն առաջադրել է Հայկ Մամիջանյանի թեկնածությունը։Բացի այդ առաջարկվում էր նաև ԱԺ մի շարք միջխորհրդարանական բարեկամական խմբերում Արթուր Վանեցյանի փոխարեն ընդգրկել խմբակցության գործող անդամներին. Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Իրաք, Հայաստան-Մեքսիկա, Հայաստան-Շվեյցարիա, Հայաստան-Սլովակիա, Հայաստան-Վիետնամ, բարեկամական խմբերում` Մարտուն Գրիգորյանին, Հայաստան-Իրան բարեկամական խմբում` Տիգրան Աբրահամյանին, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբում` Տարոն Մարգարյանին։Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբում Արթուր Վանեցյանը նաև խմբի ղեկավարն էր, ուստի այդ պաշտոնում նրա փոխարեն «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջադրել էր Հայկ Մամիջանյանի թեկնածությունը։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։