գլխավոր Մամուլի տեսություն Ահռելի քանակով փաստեր ունենք, որոնցով ապացուցվում է հանգամանքը, որ Ադրբեջանը խախտել է...

Ահռելի քանակով փաստեր ունենք, որոնցով ապացուցվում է հանգամանքը, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերը. Գոհար Մելոյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թշնամին շարունակում է ռազմական հանցագործությունների դիմել: Վերջին ապացույցը հայ գերիների գնդակահարությունն էր, որի տեսանյութն Ադրբեջանը տարածել էր սոցիալական հարթակներում: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից նաև կանանց խոշտանգման, դիերի պղծման մասին փաստող բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեպետ միջազգային հարթությունում մեր մի շարք փաստաբաններ ահռելի աշխատանքներ են տանում, բայց մեզ համար առարկայական արձագանքներ դեռ չկան:

«Հայաստանի մի շարք հարգարժան իրավաբաններ 44-օրյա պատերազմից սկսած միջազգային իրավունքի տիրույթում հնարավորինս լայնածավալ աշխատանքներ են կատարում: Արդարադատության միջազգային դատարանում, նաև ՄԻԵԴ-ում գործեր կան հարուցված: Ահռելի քանակով փաստեր ունենք, որոնցով ապացուցվում է հանգամանքը, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերը: Դրանք առնչվում են պատերազմական հանցագործություններին, ռազմագերիների պահման գործընթացին, պատերազմի ընթացքում զինվորների կյանքին և առողջությանը, խոշտանգումներին և համանուն մի շարք կոնվենցիաների հիմնարար դրույթներին: Ցավալիորեն, սակայն, պետք է արձանագրենք, որ համալիր փաթեթներում ՀՀ-ն դեռևս շոշափելի արդյունք չի ստացել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Նրա խոսքով, հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը այդ ամբողջ շարքում հերթականն է. «Այդ տեսանյութի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պետք է ընթացակարգեր ձեռնարկի թե՛ ՄԻԵԴ, թե՛ Արդարադատության միջազգային դատարան դիմելու կամ այն արդեն իսկ առկա գործերին կցելու տեսանկյունից: Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ՀՀ-ի ու հայ ազգի տեսանկյունից մեր՝ մասնագետներիս համար միջազգային իրավունքը պրակտիկայում կորցնում է իր արդիականությունը: Մենք ականատես չենք լինում այն լուծումներին, որոնք պետք է լինեին: Կարելի է ասել, որ իրավունքի դաշտում ավելի մեծ նշանակություն է ունենում քաղաքական ենթատեքստը: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը հերթական ողբերգությունն էր մեզ համար»:

Անդրադառնալով երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, ըստ որի, խախտվել է 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Գ. Մելոյանը նշեց. «Սա ևս մեկ հանգամանք ու հիմնավոր փաստ է առ այն, որ գործող ուժի հետ պայմանավորվածությունները չեն պահվում, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն ծայրահեղ խոցելի վիճակում է, որովհետև անգամ միջնորդ պետության հեղինակավոր միջամտության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն է կոպտորեն խախտվում: Արհամարհական ձևով ու ծաղրանքի ենթարկելով մեր կողմին՝ պայմանավորվածություն է խախտվում, իսկ մենք ամեն անգամ բավականին թանկ գին ենք վճարում: Մեզ համար այս ամենը մարդկային կյանքեր, տարածքներ է արժենում: Ընդհանուր առմամբ, մեզ համար բարենպաստ կամ հնչեղ ելքով որևէ արդյունքի դեռևս ականատես չենք եղել»:

Գոհար Մելոյանը իրավիճակը թե՛ հայ ազգի, թե՛ մեր պետության համար անարդարացի է որակում, միևնույն ժամանակ շեշտում այն բանաձևի մասին, որով, իր կարծիքով, պետք է առաջնորդվել: «Կյանքն ու պրակտիկ փորձը ցույց տվեցին, որ ուժն է ծնում իրավունք: Մինչև այս իշխանության գալը, թեկուզ Ադրբեջանի համեմատ ունեցած նվազ ռեսուրսներով, նախկին իշխանություններն իրենց փորձառության, հմուտ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ մի շարք հաջողություններ են գրանցել: Իսկ հիմա անհամեմատ վատթար վիճակում ենք հայտնվել:«Ուժն է ծնում իրավունք» բանաձը, ամեն դեպքում, գործում է: Մենք բոլոր իրավիճակներում առաջին հերթին մեզ վրա պետք է հույսը դնենք: Նախ՝ պետք է մեր բանակի մարտունակության վրա մեծագույն ներդրում անենք ու աշխատանք տանենք այդ ուղղությամբ: Նաև պետք է փորձենք այդ իրավիճակի համատեքստում դիվանագիտական ու բանակցային գործընթաց մեկնարկել, որովհետև այսպիսի նվաստացուցիչ, անհավասար ու վատթար պայմաններում անընդհատ պայմանավորվածություններ են խախտվելու»,-ասաց նա՝ նշված համատեքստում անդրադառնալով երեկ իշխանական մամուլում հրապարակված հոդվածին:

«Երեկ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ չակերտավոր «Հավաստի աղբյուրի» կողմից մի հոդված հրապարակվեց՝ ուղղված երեք նախագահներին ու Վեհափառ հորը: Իրականում նրանց համար որևէ կերպ գաղտնիք չեն Ադրբեջանի պահանջները, որոնք մշտապես են եղել: Հարցն այն է, որ Ադրբեջանը այդ պահանջները բարձրաձայնելու համար երբևէ այսքան մեծ հիմքեր չի ունեցել, օրինակ՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում: Հիմա ողբերգական վիճակ է այն առումով, որ կարողանում են բարձրաձայնել, նկրտումներ ունենալ ՀՀ ինքնավար տարածքի, տարածքային ամբողջականության նկատմամբ: Մեր խնդիրն առաջին հերթին ինքնակազմակերպվելն է, հույսը մեզ վրա դնելը: Հետո, երբ արդեն կլինի տեխնոկրատ կառավարում, երբ կլինեն պրոֆեսիոնալ, ազգանվեր կառավարիչներ, այդ ժամանակ հնարավորություն կունենանք աշխատեցնել նաև միջազգային իրավունքը: Իսկ այս օրերին միջազգային իրավունքը համենայն դեպս ՀՀ շահերի համատեքստում կաղում է»,-հավելեց Գ. Մելոյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։