գլխավոր Մամուլի տեսություն Ռուբեն Վարդանյանի ելույթները հակադրվում են իմ սկզբունքներին. Ալավերդիում ՀԱԿ ցուցակը գլխավորող Նորայր...

Ռուբեն Վարդանյանի ելույթները հակադրվում են իմ սկզբունքներին. Ալավերդիում ՀԱԿ ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը՝ ինքնաբացարկ ներկայացնելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Ալավերդիում կոալիցիոն հուշագիր ստորագրվեց ընտրություններում առաջին տեղը գրաված «Ապրելու երկիր» եւ երրորդ տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի միջեւ։ Ավելի ճիշտ` ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ։ Հիշեցնենք, որ ՔՊ ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով «Ապրելու երկրին» հավասար ձայներ է ստացել, եւ ՀԱԿ 1 մանդատից էր կախված, թե ով կունենա «50+1» ձայն, որպեսզի ձեւավորի համայնքային իշխանություն։ Մինչ 2 ուժերի՝ կոալիցիա ձեւավորելը, ՀԱԿ ցուցակը գլխավորած հաշվապահական ընկերության ղեկավար Նորայր Գեւորգյանն ինքնաբացարկ ներկայացրեց:

Նա մեզ խոստովանել էր, թե կուսակցության որոշումն իր սկզբունքներին դեմ է, դրա համար է տեղը զիջում ցուցակի հաջորդ համարին։ Երեկ մենք Գեւորգյանին հարցրինք՝  ուզում էիք իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել։ «Այստեղ խնդիրն իշխանությունը չէ»: Հապա ի՞նչն է։ «Իմ մասնագիտությունը, ես չէի կանխատեսել, որ պետք է երրորդ տեղը լինեմ եւ առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնեմ, իսկ օրենքը դա է պարտադրում՝ առաջին տեղակալի պաշտոնը հասնում է ցուցակի առաջին համարին։ Ես նախընտրեցի իմ մասնագիտությունը»։ Բայց ասել էիք, որ կուսակցության որոշումը չի համընկնում Ձեր սկզբունքներին։ «Ուզո՞ւմ եք անկեղծանամ` այո, ես ազատական գաղափարախոսության կրող եմ, իսկ երբ բացում եք Ռուբեն Վարդանյանի ելույթները, տրամագծորեն հակադրվում են իմ սկզբունքներին, գաղափարներին․ ես չէի կարող դեմ գնալ իմ սկզբունքներին»,- ասաց Գեւորգյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։