գլխավոր Իրադարձային ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի...

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից՝ անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից

Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Արմեն Գրիգորյանը հանդիպմանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին: