գլխավոր Իրադարձային Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել․ «Փաստինֆո»

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել․ «Փաստինֆո»

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանն արդեն երրորդն օրն է, ինչ հացադուլի մեջ է։ Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ այսօր է հանդիպել Հովսեփյանի հետ, նրա առողջական վիճակը բավարար է, բժիշկների հսկողության ներքո է, իսկ հացադուլ հայտարարելու պատճառն անհամաձայնությունն է՝ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը։ Առ այս պահը որևէ կառույցի, այդ թվում, ՄԻՊ-ի գրասենյակից հացադուլ հայտարարած Հովսեփյանին չեն այցելել։

Հիշեցնենք, որ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Բերդ համայնքում խմբի կողմից ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Ընդ որում, քրեական հետապնդումն իրականացվում է սեպտեմբերի 25-ի Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հետո, երբ պարզվել է, որ իշխող ուժը՝ ՔՊ կուսակցությունը Բերդ համայնքում կրկին պարտվել է և, փաստացի, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որն արդեն տևական ժամանակ է կալանավորված է, անազատության մեջ գտնվելով՝ կրկին հաղթել է ընտրություններում և իրավապահներն այս անգամ թիրախավորել են նրա տեղակալ Սամվել Հովսեփյանին։ Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սամվել Հովսեփյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Պաշտպան Գոռ Սաղոյանը հայտնել է, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել կալանավորման որոշման դեմ։

Անդրադառնալով ՔԿ տարածած տեղեկությանը, թե Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձի տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել, Սաղոյանը նշել է, որ ՔԿ վարքագիծը տարօրինակ է, որովհետև փորձում են իմիտացիա ստեղծել, թե Սամվել Հովսեփյանի վերաբերյալ ինչ-որ նոր փաստեր, ապացույցներ են ձեռք բերվել, մինչդեռ դատարանում քննիչը ներկայացրել էր նյութեր, որոնք Սամվել Հովսեփյանի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն պարունակում, առավել ևս՝ ապացուցողական նշանակության մասին. «Առհասարակ որևէ տեղեկություն, որը վերաբերում էր Սամվել Հովսեփյանին, նրա կողմից ինչ-որ ենթադրյալ հանցանք կատարելուն՝ չի եղել նման որևէ փաստ, ներկայացված բոլոր փաստերը վերաբերում էին գործող մեկ այլ մեղադրյալի և այս պայմաններում անհասկանալի էր դատարանի որոշումը՝ Սամվել Հովսեփյանին կալանավորելու մասին, որովհետև եթե անձին կալանավորում են, առնվազն հիմնավոր կասկածի շեմը պետք է հաղթահարել, որոշակի փաստական տվյալներ պետք է ներկայացվեն։ Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Սամվել Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան ընդհանրապես, քրեական գործը հարուցվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի հաղորդման առթիվ, տնօրենի պաշտոնակատարը նաև տուժող է ճանաչվել և հարցաքննվել, սակայն տուժողի ցուցմունքում որևէ արձագանք Սամվել Հովսեփյանի կամ նրա կատարած որևէ արարքին ընդհանրապես չկա, ուստի, հասկանալի չէ, թե հատկապես ինչ եղանակով է Սամվել Հովսեփյանը հարկադրել քարոզչություն կատարելու կամ արգելել մեկ այլ քաղաքական ուժի քարոզչություն կատարելու։ Պաշտպանը նշել է, որ, եթե Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձինք լինեին, առաջին հերթին իրենք կմիջնորդեին՝ հակընդդեմ հարցման ենթարկելու, բայց այդպիսի ցուցմունքներ չկան։

Դիտարկմանը, թե այդ դեպքում կալանավորման հիմքում ինչ է դրվել, դատարանն ինչպես է պատճառաբանել որոշումը, պաշտպանը պատասխանել է. «Դատարանն առանձնապես չի փորձել պատճառաբանություններ բերել, ընդամենը թվարկել է ինչ-որ փաստական տվյալներ և տեսել է, որ փաստական տվյալները բավարար են հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինելու համար, ինչը գնահատողական կատեգորիա է։ Այստեղ խնդիրը ոչ թե փաստերի բավարար լինել կամ չլինելու մասին էր, այլ՝ լինել, թե չլինելու մասին։ Վստահ ենք, երբ հնարավորություն կլինի ավելի պարզ խոսելու գործի փաստական հանգամանքների մասին, բոլորն էլ կհամոզվեն, որ այստեղ ոչ թե կան փաստեր, որոնք բավարար չեն, այլ՝ պարզապես չկան փաստեր»։

Ինչ վերաբերում է իրականացված ՕՀՄ-ներին, մասնավորապես, գաղտնալսումներին, Սաղոյանը արձանագրել է, որ գաղտնալսումներում ևս որևէ անդրադարձ չկա Սամվել Հովսեփյանին։