գլխավոր Իրադարձային Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին

Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսարաններ պարունակող տեսանյութերը, որոնք հայտնվել է համացանցում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան նշել է. «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ այդ տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն անել, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների համար։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել  տարածաշրջանում իրավիճակի առողջացման, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,-ընդգծել է Զախարովան:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։