գլխավոր Իրադարձային Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել. Տեր–Պետրոսյան

Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել. Տեր–Պետրոսյան

ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։ Նման հայտարարություն է արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` արձագանքելով «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին։ Հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության` ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։Մասնավորապես` ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով։ Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)։ Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է` հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

«Այսպիսով պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»,–գրել է Մուսինյանը:

Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի է ունեցել նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացել է առաջին լուրջ քաղաքական բանավեճը:Նախագահը գնահատում է «Հայկական Ժամանակի» հրապարակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման տեսանկյունից:

«Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»,–նշել է նա։