գլխավոր Իրադարձային Դրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾ

Դրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում, անհապաղ ուժեղացնելով տվյալ տարածքի հսկողությունը՝ ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։ Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, անմիջապես դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն, անօդաչու թռչող սարքն առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս։