գլխավոր Տարածաշրջան Անցած շաբաթ Վրաստանի հետ սահմանը երկու ուղղություններով հատել են 69 511 ռուսաստանցիներ

Անցած շաբաթ Վրաստանի հետ սահմանը երկու ուղղություններով հատել են 69 511 ռուսաստանցիներ

Անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 69 հազար մարդ է հատել ռուս-վրացական սահմանը երկու ուղղություններով։ Տեղեկությունը խորհրդակցության ժամանակ հայտնել է Հյուսիսային Օսեթիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։

«Ներկայումս Հյուսիսային Օսեթիայի տարածքում Ռուսաստանից ելքի է սպասում շուրջ 1422 բեռնատար, մարդատար մեքենաների հերթեր չկան։ Անցած շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով պետական սահմանի հատումն իրականացրել է 19 742 միավոր տրանսպորտային միջոց և 69 511 մարդ: Ճանապարհների վիճակը վերահսկելի է», – ասել է նա։

Միաժամանակ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Վրաստան զգալիորեն կրճատվել է:

Ընդանուր առմամբ սեպտեմբերի 17-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել 78 742 ու երկրից մեկնել է 62 120 ՌԴ քաղաքացի: Վրաստան ռուսաստանցիների ժամանման գագաթնակետը սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում է եղել, երբ երկիր է մուտք գործել 40 548 ու մեկնել՝ ՌԴ 22 929 քաղաքացի:

««Ռուսաստանի քաղաքացիների ժամանումը Վրաստան զգալիորեն կրճատվել է ու վերադարձել է նախորդ ժամանակաշրջանի մակարդակին և տատանվում է 6 հազարի սահմաններում», – ասել է Դարախվելիձեն:

Նշենք, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո սեպտեմբերի 21-ից «Վերին Լարսում» դեպի Վրաստան, իսկ հետո նաև Հայաստան ուղևորվող մարդատար մեքենաների հերթեր էին գոյացել։