գլխավոր Քաղաքականություն Էրդողանը փորձում է սահմանել նոր համաշխարհային կարգ, որտեղ Թուրքիան «ծագող աստղ» կլինի․...

Էրդողանը փորձում է սահմանել նոր համաշխարհային կարգ, որտեղ Թուրքիան «ծագող աստղ» կլինի․ Haaretz

Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրածովյան շրջաններում հետախուզական աշխատանքների իրականացումը ակնհայտորեն լարվածություն է առաջացրել նրա, Եվրամիության և Միացյալ Նահանգների հարաբերություններում, գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի խոսքերն այն մասին, որ «Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքը և անհապաղ բանակցություններ սկսի Հունաստանի հետ»։

«Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կամ ռազմական էմբարգո սահմանելու մասին խոսակցությունները: Բայց ԵՄ առաջնորդները անցյալ ուրբաթ կայացած գագաթնաժողովին այդ հարցը գրեթե աննկատ թողեցին և Հունաստանը ստիպված էր ճնշում գործադրել ՝ այն օրակարգում ընդգրկելու համար»,-գրում է թերթը՝ նշելով, որ թեև ԵՄ-ն հանդես է եկել կոշտ և վճռական հայտարարություններով, առաջնորդները Հունաստանին հասկացրել են, որ ավելի լավ է սպասել և պատժամիջոցների մասին քննարկումն իրականացնել դեկտեմբերին նախատեսված գագաթնաժողովի ժամանակ:

Ինչպես գրում է թերթը, մինչև դեկտեմբեր քննարկումը հետաձգելը կապված է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Չնայած Պետդեպարտամենտի նկատողություններին՝ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրաշալի անձնական հարաբերություններ ունի, սակայն ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները կարող են լարվել, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը։

«Թրամփը նաև ձեռնպահ է մնացել Ղարաբաղյան պատերազմի հարցով Էրդողանի հետ բախումից, որտեղ թուրքական զորքերը պատերազմում են Ադրբեջանի հետ կողք կողքի: Նախագահը միացել է Ֆրանսիային և Ռուսաստանին, որոնք կոչ են անում դադարեցնել կրակը, սակայն այդ ժամանակից ի վեր լռել է և առաջարկել սպասել ԱՄՆ-ում կողմերի միջև բանակցություններին: Թրամփը չի կարող բացահայտ մեղադրել Հայաստանին, քանի որ նախագահական ընտրություններում նրան հարկավոր է ԱՄՆ-ի քաղաքացի 1,5 միլիոն հայերի ձայները։  Բայց նա նաև չի մեղադրում Անկարային, քանի որ ցանկանում է պաշտպանել իր ընկերոջը»,- գրում է աղբյուրը։