գլխավոր Հասարակություն ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր. Փաշինյան

ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր. Փաշինյան

ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետո բանակում եղած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին։

«Ես այդ հրապարակումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել։ Նպատակը մեկն էր` ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ էքսկավատորի և ո՛չ էլ տրակտորի խնդիր չպետք է լինի։ Այնտեղ հարցրել եմ` արդյոք այդ պրոբլեմը կա, թե ոչ, արձանագրել ենք, որ չկա»,– նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հսկայական ինժեներական աշխատանք է արվել։ Վարչապետի պնդմամբ` 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ հայկական բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում, այլ է, որ ուժերն անհավասար էին։

Փաշինյանը նաև ասել է` հանձնարարել է, որպեսզի ճշտեն, թե փողոցներում երիտասարդներն ինչ են հավաքում և ինչի համար։

Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո բազմաթիվ երիտասարդներ չոր սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք ու ծխախոտ են հավաքում, որպեսզի ուղարկեն դիրքեր։