գլխավոր Քաղաքականություն Պրահա մեկնելու որոշում ունեմ. ՀՀ վարչապետը չի բացառում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը

Պրահա մեկնելու որոշում ունեմ. ՀՀ վարչապետը չի բացառում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը

Չեխիայում Էրդողանի հետ հանդիպում լինելո՞ւ է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ  թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառել նման հանդիպումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանդիպումը կկայանա:

«Դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքից»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ կա ԵՄ-ի կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որին հրավիրված են նաև Հայաստանը և Թուրքիան:

«Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ, երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը Պրահա մեկնելու որոշում ունի, մասնակցելու է գագաթնաժողովին:

Հարցին` ինչ օրակարգով է Հայաստանը ներկայանում այդ հանդիպմանը, վարչապետը պատասխանել է. «Սահմանների բացում, հարաբերությունների կարգավորում»:

Ճշտող հարցին՝ Արցախի հարցի քննարկում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Երբ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն: Դա, եթե լինի, լինելու է մեր առաջին հանդիպումը, լինելու է ծանոթություն»:

Ինչ վերաբերում  է հարցին՝ արդյոք շարունակվո՞ւմ են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, վարչապետը պատասխանել է՝ որևէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղ-ժամ պայմանավորված չէ: