գլխավոր Քաղաքականություն Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առարկայական բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշել է.

«Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում»:

Փաշինյանը նշել է՝ կա գաղափար, որ խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից:

«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասել է նա: