գլխավոր Քաղաքականություն Խնդիրն այն է, որ իմ սեղանին դեռ նման փաստաթուղթ չկա. Փաշինյանը` շատ...

Խնդիրն այն է, որ իմ սեղանին դեռ նման փաստաթուղթ չկա. Փաշինյանը` շատ քննարկվող հարցի մասին

Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ է քննարկվում մի հարց` «վա՜յ, ստորագրեց», «վա՜յ, կստորագրի, թե՞ չի ստորագրի»։ Տպավորություն է ստեղծվում, որ իմ սեղանին ստորագրման նախապատրաստած փաստաթուղթ կա, և խնդիրն այն է` հիմա ստորագրենք, թե ոչ։ Խնդիրն այն է, որ իմ սեղանին այս պահին նման փաստաթուղթ չկա, որովհետև եթե այդպես լիներ, շատ լավ կլիներ։ Դա կնշանակեր, որ աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա։ Եթե կա նախագիծ, ապա դրանք մեր կողմից են պատրաստված, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ»,– ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն այդ պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի անվտանգությունն ապահովելու համար ակտիվ աշխատում է անհրաժեշտ բոլոր ուղղություններով։

«Իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը` երաշխավորված անվտանգությունը կարող է ապահովել միայն խաղաղությունը։ Քանի դեռ չունենք համապարփակ խաղաղություն, չենք կարող համապարփակ անվտանգության մասին խոսել։ Մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում` ուղղված են խաղաղությանը»,– նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը պետք է պաշտպանվի հայկական բանակի ջանքերով և դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է։

ՀՀ վարչապետը վստահեցրել է` փորձում են այնպես անել, որ Հայաաստանի դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար, և իրավիճակի մասին նրանք օբյեկտիվ տեղեկություն ստանան։