գլխավոր Իրադարձային Պայմանագրային զինծառայողը նռնակ է նետել կնոջ ծնողների տանը մոտ հողամասի ուղղությամբ

Պայմանագրային զինծառայողը նռնակ է նետել կնոջ ծնողների տանը մոտ հողամասի ուղղությամբ

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է կնոջ ծնողների տնամերձ հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու փաստով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, պայմանագրային զինծառայողը գնացել է կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի պահվող նռնակի գործադրմամբ հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, ապա պայթեցրել նռնակը՝ այն նետելով հողամասի ուղղությամբ:

«Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը 2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական դիրքերից մեկից գտել, այնուհետև ապօրինի կերպով փոխադրել և պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակ, որը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանի պատշգամբից նետելով՝ պայթեցրել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով և 338-րդ հոդվածի (Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը) 1-ին մասով:

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է:Նախաքննությունը շարունակվում է: