գլխավոր Միջազգային ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն այսօր հանդես կգա չնախատեսված հայտարարությամբ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն այսօր հանդես կգա չնախատեսված հայտարարությամբ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 19:00–ին չնախատեսված մամուլի ասուլիս կանցկացնի, թեման չի նշվում։ Այս մասին ասվում է դաշինքի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Երեկ ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունը հայտարարություն էր հրապարակել «Հյուսիսային հոսքի» գազատարներում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքի կարծիքով, «Հյուսիսային հոսքում» գազի արտահոսքը միտումնավոր գործողությունների հետևանք է եղել։ ՆԱՏՕ–ն կողմ է հետևանքների պատճառները պարզելու համար հետաքննություն անցկացնելուն և հայտարարում է, որ պատրաստ է պաշտպանել դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքները։

«Դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքների դեմ ցանկացած կանխամտածված հարձակում միասնական և վճռական պատասխան կստանա», – ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն` գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք – 1»–ում և մեկ արտահոսք՝ «Հյուսիսային հոսք 2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։

«Հյուսիսային հոսք – 1»–ի օպերատոր Nord Stream 2 AG–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության՝ միջազգային ահաբեկչություն»։

«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ Siemens տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք 2»–ը ևս արդեն լցված էր գազով։

ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ դիվերսիաների առնչությամբ ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրվել սեպտեմբերի 30-ին` Մոսկվայի ժամանակով 22:00–ին։