գլխավոր Մամուլի տեսություն Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ դեմ է եղել, որ Արցախը լինի հայկական, ինքն...

Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ դեմ է եղել, որ Արցախը լինի հայկական, ինքն էլ սկուտեղի վրա մատուցել է այդ թեզը այսօրվա իշխանություններին․ Տեր Հովհաննես․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե Արցախի հարցը լուծվել է: Չմոռանանք, նման բան մեկ էլ Ալիեւն է հայտարարել: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԼՏՊ-ի` Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքին, թշնամու կողմից օկուպացված Դադիվանքի վանահայր, այժմ Մարտակերտում գտնվող Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննեսն այսպես է արձագանքում.

 —Գիտեք, ինձ համար զարմանալի չէ ՀՀ առաջին նախագահի խոսքերը, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ դեմ է եղել, որ Արցախը լինի հայկական: Ինքն էլ սկուտեղի վրա մատուցել է այդ թեզը այսօրվա իշխանություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ չի փայլել որպես բարեպաշտ նախագահ կամ ազգի նվիրյալ, ուստի նրանից ես որեւէ լավ բան ակնկալել չեմ կարող: Ինձ համար ցավն այն է, որ նա այսքան տարի հետո եւս համարձակություն է գտնում իր մեջ եւ բարձրաձայնում, որ Արցախի հարցը լուծված է:

Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին այսպես կպատասխանեմ. արցախցին այսօրվա ՀՀ իշխանություններից չի էլ ակնկալում որեւէ դրական քայլ: Թող Տերը դատավոր լինի նրանց, ովքեր որ ասում են, թե այս սուրբ երկիրը հայկական չէ, եւ որ այն պետք է անցնի Ադրբեջանին:

— Այնուամենայնիվ, Արցախում այսօր ունենք ծանր իրավիճակ, դա փաստ է:

— Արցախցին իր կրած տառապանքներից հետո անգամ չի կոտրվել: Այսօր յուրաքանչյուր արցախցի իր տան մեջ կանգնած է, ինչպես դիրքում, եւ ամեն օր ու ժամ ապրում ու արարում է հանուն մնացած Արցախի: Հող են մշակում, այգի տնկում, երեխաներ ունենում` սրտում վաղվա օրվա հույսը ունենալով: Արցախցին չի վհատվում առօրյա հոգսերից, կրակոցներից, արցախցին վհատվում է բացառապես Մայր Հայաստանից եկող անտարբերությունից: Արցախցին վհատվում է, որ այսօր թշնամին է վայելելու իր տունը, իր հողն ու ջուրը: Արցախցին այսօր հայ ժողովրդից 1990-ականների սերն ու միասնականությունն է սպասում, որ ոտքի կանգնի հայ ժողովուրդը, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը, տունը, Հայաստան աշխարհը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։