գլխավոր Աշխարհ Դանիայի թագուհին որոշել է զրկել թոռներից չորսին թագավորական տիտղոսներից

Դանիայի թագուհին որոշել է զրկել թոռներից չորսին թագավորական տիտղոսներից

Դանիայի թագուհի Մարգարետ II-ը՝ Եվրոպայի միակ կառավարող թագուհին և մայրցամաքում ամենաերկար կառավարող միապետը, իր ութ թոռներից չորսին զրկել է թագավորական տիտղոսներից։ Նման քայլի պաշտոնական պատճառն այն է, որ թագավորական ընտանիքը ցանկանում էր թույլ տալ թագուհու կրտսեր որդու՝ արքայազն Յոահիմի երեխաներին նորմալ կյանքով ապրել։ Ինչպես գրում է The Guardian-ը, եվրոպական թագավորական մյուս ընտանիքները ևս նմանատիպ քայլեր են անում։ Բացի այդ, այս որոշումը թույլ կտա փոքրացնել թագավորական ընտանիքը։ 

«2023 թվականի հունվարի 1-ից Նորին թագավորական մեծություն արքայազն Յոահիմի հետնորդները կկարողանան կիրառել միայն Մոնպեզեի կոմսի և կոմսուհու իրենց տիտղոսները, իսկ Դանիայի արքայազնի ու արքայադստեր տիտղոսները կդադարեն գոյություն ունենալ», – ասված է թագավորական պալատի հայտարարության մեջ։

53-ամյա արքայազն Յոահիմը երկու ամուսնությունից չորս երեխա ունի՝ Նիկոլայը, Ֆելիքսը, Հենրիկն ու Աֆինան։ Նրանցից ավագը 23 տարեկան է, իսկ կրտսերը՝ 10։ Արքայազն Յոահիմի երկու ավագ որդիների մայրը՝ կոմսուհի Ալեքսանդրան, լրատվամիջոցներին հայտնել է, որ «ցնցված է» նման որոշումից։

«Երեխաներն իրենց լքված են զգում։ Նրանք չեն կարողանում հասկանալ՝ ինչու են իրենցից գողանում իրենց ինքնությունը», – ասել է կոմսուհին:

Հաղորդվում է, որ թագուհու մյուս թոռները, որոնք 54-ամյա գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկի երեխաներն են, կպահպանեն իրենց տիտղոսները։