գլխավոր Իրադարձային ՀՀ-ն ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և...

ՀՀ-ն ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման վերաբերյալ․

«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։

Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ստեղծված իրավիճակում հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։