գլխավոր Քաղաքականություն ՄԻՊ-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

ՄԻՊ-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ: 

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:

Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրության վերաբերյալ Պաշտպանի հաստատության կողմից հայցված Վենետիկի հանձնաժողովի կարծիքի շրջանակներում արձանագրված զարգացումները՝ մատնանշելով իրավական կարգավորումների համատեքստում հաստատության գործունեության համար անհրաժեշտ անկախության բավարար երաշխիքների պահպանումն ու ամրապնդումը: 

Գրիգորյանը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, որ մշակման փուլում է գտնվում Պաշտպանի աշխատակազմի վարքագծի կանոններն ամրագրող Պաշտպանի հրամանի նախագիծը՝ ի թիվս այլնի հիմք ընդունելով հանձնաժողովի մշակած Վենետիկյան սկզբունքների դրույթները: 

Գրիգորյանը անդրադարձել է նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շրջանակներում Պաշտպանի գործունեությանը և մարդու իրավունքներին առնչվող դրույթների վերաբերյալ Պաշտպանի ներկայացրած առաջարկություններին: 

Բազի Մալորին բարձր է գնատահել Պաշտպանի հաստատության և տիկին Գրիգորյանի հետ համագործակցության մակարդակը և հետաքրքրվել Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող հատուկ կարծիքների և դիմումների գործընթացի վերաբերյալ: 

Վենետիկի հանձնաժողովի նախագահին են ներկայացվել նաև սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորման դեպքերը: