գլխավոր Իրավունք ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների հարցերով զբաղվող պաշտոնյաների հետ

ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների հարցերով զբաղվող պաշտոնյաների հետ

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։

Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին և աշխատանքի հիմնական ուղղություններին, մանրամասներ ներկայացրել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման նախաձեռնության ու դրա իրականացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացքում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Տիկին Ջենսդոտիրը ողջունել է որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղված Պաշտպանի նախաձեռնությունները և ներկայացրել ԵԽ գործիքակազմը՝ գնահատելու երեխաների մասնակցայնության ապահովման գործընթացը:

Ռեջինա Ջենսդոտիրը հետաքրքրվել է Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման խնդիրներով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող անչափահաս անձանց իրավունքներին առնչվող հարցերով:

Գրիգորյանը, ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում տեղ գտած փաստերը, ԵԽ երեխաների հարցերով համակարգողի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում ավելի քան 1400 երեխաների հիմնարար իրավունքների խախտումների վրա:

ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրավահավասարության ապահովման մասին համապարփակ օրենսդրության ընդունման, ատելության խոսքի դեմ պայքարին, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանն ու պատասխանատվության սահմանմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով Սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցին՝ Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող ռազմական հանցագործություններն ուղիղ արդյունք են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության սերմանման ու խթանման. այդ հանցագործություններն իրականացվում են ատելության հիմքով:

Իր խոսքում պարոն Բեխտելը մատնանշել է քաղաքական գործիչների կարևոր դերակատարումը ատելության խոսքից զերծ մնալու և դրա կանխարգելման ուղղությամբ: