գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իլհամ Ալիևին ցուցաբերվող օգնությունը. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իլհամ Ալիևին ցուցաբերվող օգնությունը. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն պետք է լիովին դադարեցնի օգնությունը Ադրբեջանի իշխանություններին՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմին։Ամերիկացի կոնգրեսականը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են Արցախի ժողովրդի վրա՝ սպանելով տասնյակ անմեղ խաղաղ բնակիչների, տասնյակ հազարավորների տեղահանելով և ստեղծելով զանգվածային հումանիտար աղետ։

«Պատերազմը սանձազերծել է Բաքվի արյունարբու բռնապետը, որն իր երկրի ներքին դժգոհությանը պատասխանել է խաղաղ հարևանի դեմ պատերազմով»,- գրել է Շիֆը։

Նրա խոսքով` Ալիևի հարձակումից 2 տարի անց էլ պատերազմը չի ավարտվել։ Չնայած միջազգային միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագրին` Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի ժողովրդի նկատմամբ շարունակվում է։Շիֆի դիտարկմամբ` Ադրբեջանի նախագահը արհամարհում է Կովկասում կայունություն ապահովելու միջազգային հանրության ջանքերը, ուստի կոնգրեսականի համոզմամբ` այս իրավիճակում մնում է միայն կանգնեցնել նրան։

«Քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել, Ալիևը կշարունակի ընդլայնել իր պատերազմը և ավելի շատ անմեղ կյանքեր կործանել, –գրում է Շիֆը,– Միացյալ Նահանգները պետք է վճռական և բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Մենք պետք է լիովին դադարեցնենք Ալիևի ռեժիմին ցուցաբերվող օգնությունը, պահանջենք ազատ արձակել բոլոր գերիներին, դիտարկենք պատժամիջոցների կիրառման հնարավորությունը և հետապնդենք նրան ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»։

Ադամ Շիֆը վստահեցրել է, որ գործընկերների հետ շարունակելու է Կոնգրեսում այդ նպատակներին ուղղված իր նախաձեռնությունը և չի հանգստանա, մինչև Միացյալ Նահանգները քայլեր չձեռնարկի և մինչև հայ ժողովուրդը չունենա այն խաղաղությունն ու ազատությունը, որից երկար ժամանակ զրկված է եղել։

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ամերիկացի քաղաքական գործիչներն առաջին անգամ դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար։