գլխավոր Քաղաքականություն ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած...

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 2 տարի անց էլ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր հանձնառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ:

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները Երևանում, ի թիվս, այլ հարցերի, անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Միրզոյանը հիշեցրեց՝ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ և նրա ժողովրդի դեմ:

«Այսօր՝ 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,-ասել է արտգործնախարարը:

2020 թվականի սեպտեմբերի 27 ից Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պատերազմ էր սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելովնաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, քաղաքացիական անձանց: Նոյեմբերի  9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Չնայած եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ 2 տարի անց էլ Ադրբեջանը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել հայ գերիներին: