գլխավոր Քաղաքականություն Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա ՌԴ-ն...

Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա ՌԴ-ն այնքան խնդիրներ ունի, որ կորցրած էլ կլինի այդ բանալին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ռուսաստանի հետ հետ շատ ավելի նորմալ, կոնստրուկտիվ հարաբերություններ կլինեին, եթե չլիներ այս նոր իրողությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմը, հիմա ամեն ինչ է խառնվել․ այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Մեզ համար շատ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Ռուսաստանն այստեղ դեր ուներ և միշտ կատարել է, եթե 30 տարի պրոցեսը սառեցվեց, Ռուսաստանն էր հիմնական դերակատարը»,-ասել է նա, ապա անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է ասել է, որ այդ հարցն արդեն լուծվել է։

«Կներեք, չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, ոչ թե էն առումով, որ լուծվել է, այլ Հայաստանն այլևս ոչ մի խոսք չունի Արցախի հարցում, չկա Հայաստանը, Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունը, տնտեսության վերականգնումը։

Բանալին ՌԴ ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն ինքը էնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է։ Հիմա դուք Ռուսաստանից ինչ-որ ակնկալիք կարո՞ղ եք ունենալ, հիմա շատ վտանգավոր վիճակ է, այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Գուցե կարելի է ասել, որ Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է»,-ասել է Տեր-Պետրոսյանը։