գլխավոր Աշխարհ Պահպանողական կուսակցության անդամներն անվստահության նամակներ են ուղարկում Լիզ Թրասին

Պահպանողական կուսակցության անդամներն անվստահության նամակներ են ուղարկում Լիզ Թրասին

Պահպանողական կուսակցության պատգամավորները սկսել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասին անվստահություն հայտնող նամակներ ուղարկել, քանի որ դժգոհ են նրա տնտեսական քաղաքականությունից, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրին։

Ուրբաթ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգը Համայնքների պալատին է ներկայացրել կառավարության ծրագիրը, որը նախատեսում է հարկերի զանգվածային կրճատումներ ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների համար, ինչպես նաև հարկային այլ արտոնություններ՝ աջակցելու երկրի տնտեսությանը, որը կանգնած է անկման վտանգի առաջ:

Թրասը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը սեպտեմբերի 6-ին:

Եթե բրիտանական խորհրդարանի հատուկ հանձնաժողովը պահպանողականներից վարչապետին անվստահություն հայտնող բավարար քանակությամբ նամակներ ստանա, քվեարկություն  կանցկացվի, որի ընթացքում այդ կուսակցության պատգամավորները կորոշեն՝ արժի՞ արդյոք իրենց առաջնորդին վստահություն հայտնել, թե՝ ոչ: