գլխավոր Քաղաքականություն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը

Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի անհրաժեշտ համատեղ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: