գլխավոր Իրադարձային Գերիների փոխանակման ժամանակ ունեցել ենք 200 անուն. Պուտինը շեշտը դրել էր նրանցից...

Գերիների փոխանակման ժամանակ ունեցել ենք 200 անուն. Պուտինը շեշտը դրել էր նրանցից մեկի վրա. Էրդողանը պատմել է Պուտինի «քավոր» Մեդվեդչուկի ճակատագրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գերիների փոխանակումից հետո ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը մեկնել է Ռուսաստան: Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ չգիտի, թե որտեղ է գտնվում Մեդվեդչուկը, գրում է kommersant.ru-ն:

«Գերիների փոխանակման ժամանակ մենք ունեցել ենք 200 անուն։ Մենք ունենք նրանց բոլորի անունները: Նրանք բոլորը մեր հյուրերն են։ Պուտինը շեշտը դրել էր նրանցից մեկի վրա (Վիկտոր Մեդվեդչուկ՝ «Կոմերսանտ»): Մենք նրան ուղարկել ենք Ռուսաստան։ Մենք վճռականորեն շարունակում ենք գործընթացը»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Սեպտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական կողմը հայտարարել է, որ ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին հանձնել է Ռուսաստանին՝ ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Ազովի գնդի (ՌԴ-ում արգելված) հրամանատարների դիմաց։

Ավելի ուշ Վիկտոր Մեդվեդչուկի փոխանակման փաստը հաստատել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Կրեմլը մի քանի անգամ հրաժարվել է մեկնաբանել փոխանակումը։