գլխավոր Իրադարձային ՊՎԾ-ն Մարությանի ժամանակ ստուգումներ իրականացնելու համար դիմադրության է հանդիպել. Ավինյան

ՊՎԾ-ն Մարությանի ժամանակ ստուգումներ իրականացնելու համար դիմադրության է հանդիպել. Ավինյան

Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց բավական մեծ դիմադրության է հանդիպել: Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց անմիջապես հետո ՊՎԾ–ն ուսումնասիրություն սկսեց քաղաքապետարանում:

«Այո՛, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են, և եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափով փոս են հայտնաբերել բյուջեում: Մնացածը իրավապահներին դաշտում է»,- ասաց Ավինյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։

«Ես այս պահին որևէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ»,– ասել է նա։