գլխավոր Իրադարձային Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են, տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։

Նշվում է, որ Ազարյանը սեպտեմբերի 19-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը երեկ ստորագրել է Ազարյանի` աշխատանքից ազատման դիմումը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովում միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։

Ի դեպ, Ազարյանն այն դատավորն է, որը քննել է «5»-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը և բավարարել պաշտպանական կողմի բողոքը` Թավադյանն ազատ էր արձակվել։ Դրանից հետո պարզ էր դարձել, որ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. ըստ տեղեկությունների՝ պատճառը դատավորի կողմից ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին արված արտահայտություններն են:

Բացի այդ, հենց Ազարյանն էր, որ 2018-ին որոշում կայացրեց կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։Ամիսներ առաջ էլ Ազարյանը դիմել էր միջազգային կառույցներին` հայցելով նրանց աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։