գլխավոր Իրադարձային Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, Երևանն այդպիսին կարող է դառնալ...

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, Երևանն այդպիսին կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն՝ անհատական շահի նկատմամբ․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու հարցն է։

Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է, որ զինվորների  հերոսությունը պիտի պարտավորեցնի շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ բոլորն ունեն մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով, և իր համար մեծ պատիվ է լինել իր ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ։


«Երևանն առաջին հերթին մարդիկ են, Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որ ստեղծել են քաղաքն ու դրա կոլորիտն իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում, Երևանը Թամանյան է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել նրանց երգերին։ Երևանը Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի քանդակներն են, Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երևանի փողոցներով և իրենց հերթը զիջել այսօրվա երիտասարդներին, և Երևանն, այո՛, միայն անցյալը չէ, Երևանը ներկան է ու ապագան, Երևանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, այսօրվա նկարիչներն են, այսօրվա դերասաններն ու ռեժիսորները, բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում և ապրեցնում են քաղաքը։ Երևանը նաև այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար, առավոտյան, երբ դեռ շատերս քնած ենք, փողոցները կարգի են բերում Քաղաքապետարանի մաքրությունն ապահովող քաղաքացիները, Երևանն են կանաչապատումն ու բարեկագրումն ապահովող մասնագետները, ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները, բոլորը, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը»,–ասել է Տիգրան Ավինյանը։


Նա նշել է, որ Երևանը մարդիկ են, ովքեր ապրում են մեր քաղաքում, և հոգում են իրենց ընտանիքների կարիքները, որտեղ, սակայն, բախվում են տարատեսակ խնդիրների․ ոմանք անվասայլակով կամ մանկասայլակով տեղաշարժվում են չհարմարեցված մայթերով, շատերն աշխատանքից կամ դասից ուշանում են՝ արդարացի դժգոհելով կանգառում ավտոբուսին երկար սպասելուց, Երևանը խաղաղահրապարակ չունենալու պատճառով «գարաժների» դռները դարպաս սարքած երեխաներն են, և բոլոր այն ծնողներն են, ովքեր «գիշերվա հազարին», հրավառությունից անհանգստացած իրենց երեխաներին են հանգստացնում։


«Բայց խնդիրները նշելու հետ մեկտեղ ես չեմ կարող չանդրադառնալ դեռևս 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք շատ խնդիրներ մեղմել են, այնուամենայնիվ, մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք։ Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք։ Քաղաքն այդպիսին կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն՝ անհատական շահի նկատմամբ, այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները, չի կարող մեկի անհատական շահը ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում»,–ասել է Տիգրան Ավինյանը։


Նա նշել է, որ մարդկանց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և Երևանի համար պետք է հոգ տանի նրա յուրաքնաչյուր բնակիչ։