գլխավոր Մամուլի տեսություն Խուճապի գործոնի ազդեցության տակ գները բարձրացան, այնուհետև, տարբեր գործոնների ազդեցության տակ, սկսեցին...

Խուճապի գործոնի ազդեցության տակ գները բարձրացան, այնուհետև, տարբեր գործոնների ազդեցության տակ, սկսեցին նվազել․ Բաբկեն Պիպոյանը՝ ՌԴ-ից դեպի ՀՀ ավիատոմսերի գների մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

– Պարոն Պիպոյան, երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի մոբիլիզացիա հայտարարեց, որից հետո Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երեւան ավիատոմսերի գները մի քանի տասնյակ անգամ բարձրացան։ Սա նախադեպային էր ավիատոմսերի վաճառքի պատմության մեջ։

– Այսպես ասեմ․ նախ՝ շատ մեծ շուկա է, որտեղ տարբեր խաղացողներ կան, եւ այնտեղից այստեղ իրավական գործիքակազմերի տեսանկյունից որեւէ միջամտություն որեւէ պետություն դժվարությամբ է կարողանալու անել։ Եվ երկրորդ՝ պետություններն իրենք չեն ցանկանում միջամտել, որովհետեւ պետությունն ինքն էլ չի ցանկանում, որ մարդիկ, ովքեր որ ուզում են շատ արագ այդ տոմսը ձեռք բերել, կարողանան ձեռք բերել։ Եվ, ըստ էության, առաջարկ-պահանջարկով ձեւավորվում է այդ գինը։ Հաշվի առնելով նաեւ, որ պատերազմի առաջին փուլի սանկցիայից հետո Ռուսաստանից Հայաստան փախստականների մեծ հոսք եղել է, եւ կարծես թե այստեղ իրենց վատ չեն զգում, ու նաեւ արձագանք` համապատասխան ազդակներով, եղել է իրենց հայրենակիցներից, բնականաբար, նաեւ Հայաստան ուղղությունն է ինքն իրենով դառնում հետաքրքիր ռուսների համար։ Նաեւ հայերի մի մասն է ցանկանում վերադառնալ, կտրուկ աճում է պահանջարկը։ Շախմատային այդ իրավիճակն իր հերթին դառնում է գործոն։ Եվ շատ ու շատ գործոնների համադրությամբ ունենում ենք այն, ինչ ունենք։ Բնականաբար, այստեղ փոփոխություն տեղի կունենա։ Այն, որ մեկ օրվա մեջ որոշակի կարգավորում եղել է, այսօր տեսանք, որ գնային փոփոխություն տեղի ունեցավ, ամենեւին էլ պատահական չէր։ Այդ բարձր գների վրա նախ խուճապն է ազդել, քան սպառումը։ Գործոններից որեւէ մեկը մի փոքր կնվազի, եւ կարգավորում տեղի կունենա։

– Ըստ երեւույթին, ոչ բոլորին էր հասու նման գնով տոմս գնելը։ Ի՞նչ տեղի ունեցավ` տոմսերի գների կտրուկ բարձրացումից ժամեր անց 1 մլն-ից ավելի արժեքով տոմսերի գներն իջան մինչեւ 600 հազար։

– Այո, խուճապի գործոնի ազդեցության տակ գները բարձրացան, այնուհետեւ, տարբեր գործոնների ազդեցության տակ, սկսեցին նվազել։ Կան մարդիկ, ու դրանք կարող են նաեւ մեծ մաս կազմել, պարզվում է, որ որոշեցին դուրս չգալ երկրից։ Ոչ միայն տոմսերի բարձր գնով պայմանավորված, այլ նաեւ մտածեցին, որ իմաստ չունի դուրս գալը։ Ու երբ նման սառնասրտություն է ի հայտ գալիս, այդ խուճապային պիկը սկսում է իջնել, սկսում է իջնել նաեւ տոմսերի գինը։

– Բայց կար նաեւ այլընտրանքային ճանապարհը՝ ցամաքայինը։ Ինչո՞ւ տոմսերի գների նման թռիչքային բարձրացում եղավ։

– Մարդիկ հասկանում են, որ բավականին լուրջ խցանումների մեջ կարող են ընկնել ցամաքային ճանապարհն ընտրելիս։ Բացի դա, մտավախություն կունենային, որ հենց սահմանից կարող են վերցնել ու տանել։ Համենայնդեպս, այս խնդիրը, որ հիմա մենք գնահատում ենք,  ես Ձեզ հավաստիացնում եմ ամենայն անկեղծությամբ․ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում ինքը, որպես գործընթաց, չպետք է տեղ ունենար։ Որովհետեւ այդ տեղ ունենալն է նաեւ ձեւավորում այդ միջավայրը։

– Ի՞նչ կանխատեսում ունեք։

– Չեմ կարող ասել, թե այդ պահանջարկն ինչքան կլինի։ Հնարավոր բոլոր տեսական փոփոխությունների առնվազն 700 վարկած պետք է ենթարկվի քննարկման, հետո նոր մեկնաբանվի։ Աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնք շատ անկանխատեսելի են, այդ թվում՝ նաեւ Հայաստանի համար։ Որովհետեւ, Աստված մի արասցե, եթե մեզ մոտ էլ վիճակը վատանա, տոմսերի գները Ռուսաստանից դեպի Հայաստան կտրուկ կիջնեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։